Monday, December 29, 2008

ՄԱԿ-ի մոդելի սեմինար

Նստած էինք դասի, երբ ներս մտան 2 հոգի, բաժանեցին հացաթերթիկներ ասելով լրացնենք այն և հանձնենք իրենց. լավագույնները կընտրվեն և կմասնակացեն սեմինարին: Զանգահարեցին և ասացին, որ ընտվել եմ ու ներկայանամ ՄԱԿ-ի հայակական ասոցիցայի գրասենյակ: Գնացինք ու պարզեցինք թե իրենից ինչ է ներկայացնում ՄԱԿ-ի մոդելը: ՄԱԿ-ի մոդելը կիրառվում է այն բոլոր երկրներում, որոնք անդամակցում են ՄԱԿ-ին: Մոդելի ընթացքում հավաքվածները կատարում են ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կամ Անվտանգության Խորհրդի դերը: Յուրաքանչյուրիս վիճակահանությամբ ընկնում է մի երկիր և դու հանդես ես գալիս որպես այդ երկրի լիազորված ներայացուցիչը: Յուրաքանչյուր երկիր ներկայացնում էին երկու ներկայացուցիչ: Սեմինարի թեման էր վերջերս բռնկված վրաց-օսական հակամարտությունը: Ես ներկայացնում էի վետոյի իրավունք ունեցող Միացյալ Թագավորությունը:
ՄԱԿ-ի մոդելները լինում են հանրապետական, տարածաշրջանային և միջազգային մակարդակներով: Հայաստանը անցյալ տարի մասնակցել է Հարավային Կորեայում տեղի ունեցած միջազգային մոդելին և մեր պատվիրակությունը ներկայացրել է Ռուսաստանը: Իսկ Հայաստանին հենց Հարավային Կորեան, որը մասնակիցների հավաստմամբ անգամ չգիտեր, որ նման երկիր կա երկրագնդի վրա և ներկայացնում էր, թե իբր հայերը զրկված են հաղորդակցության միջոցներից` անգամ հեռախոսակապից: Դե կորեացիք որտեղից իմանան, որ Հայաստանի շարքային քաղաքացիների ունեցած սեփական Hammer /դասախոսս կասեր` հայերեն խամեր / ավտոմեքենաների թիվը գերազանցում է ԱՄՆ-ի բանակի ունեցած Hammer-ներին:
Մոդելին մասնակցում էին միայն Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի դիվանագիտության բաժնի ուսանողները: Մենք սովորում ենք դիվանագիտական հմտություններ, բայց գործադրելու և պրակտիկորեն օգտվելու հնարավորություններ չունենք: Ուստի սա մեր առաջին փորձն էր այս ասպարեզում և ասեմ, որ բավականին արդյունավետ: Որպեսզի ընդունվի քո երկրի առաջարկած բանաձևը պետք է ստեղծես կոալիցիա և այդ անում ես ընդմիջումների ընթացքում` դիվանագիտական զրույցներ ու բանակցություններ վարելով: Այստեղ դրսևորում ես տարվա ընթացքում սովորածդ ու ձեռք բերում հմտություններ:
Ամռանը տեղի է ունենեալու ՄԱԿ-ի միջազգային մոդելը Ժնևում:

Խառնաշփոթ

Ողջունում եմ և միժամանակ հայցում այն բոլոր ընկերներիս ու այս կայքը ընթերցողներին, որոնք այս ընթացքում անընդհատ կապվում էին և հարցուփորձ անում, թե ինչու եմ դադարեցրել գրելս: Ի պատասխան այդ բոլոր հարցումների պետք է ասեմ, որ վերջերս բավականին զբաղված էի` հանձնում էի քննություններ և ստոգարքներ նաև մասնակցեցի 2 սեմինարի, որոնց մասին կգրեմ:

Wednesday, November 19, 2008

Ֆեթիյե Չեթին

Միջազգային հարաբերությունների թուրքերեն սովորողները և արևլագիտականնի ուսանողները մասնակցում էին թուրք հրապարակախոս, Հրանդ Դինքի գործով զբաղվող փաստաբան Ֆաթիյե Չեթինի հետ հանդիպմանը: Հանդիպման առիթ էր հանդիսացել թուրքագետ դասախոս պարոն Ռուբեն Մելքոնյանի դեռևս 2005 թվականին թարգմանած և հրատարակած Չեթինի <Մեծ մայրս> հուշագրական վիպակը: Եվ այս տարի գիրքը վերահրատարակվեց, որի շնորհանդեսին մասնակցում էր նաև ինքը Չեթինը:
Նա պետք է գար դեռևս 2005 թվ.-ին Հրանդի հետ: Մի քիչ պատմեմ իր պատմածից: Նա գնում էր Ֆրանսիա գրքի ֆրանսերեն թարգմանության շնորհանդսին և Հրանդի հետ պայմանավորվել էր, որ վերադառնալուն պես, միասին կգան Երևան: Սակայն վերադառնում է Ստանբուլ մասնակցելու Հրանդի թաղմանը:
Եվ այսպես երկու տարի հետո Չեթինը Երևանում է, բայց Հրանդի եղբոր և աղջկա հետ:
Չեթինի հետ հանդիպումը անցավ բավականին հետաքրքրիր: Պատմեց, որ իր այս գրքից հետո անընդհատ կապվում են իր հետ և ասում, որ հետևելով գրքի պատմվածքին իրենք էլ են հետաքրքրվել իրենց ընտանիքի անցյալով ու իրենց մեջ գտել են գոնե մի հայ վերապրողի: Հիրավի, <Մեծ մայրս> գիրքի նույնիսկ անարգել հրատարկությունն ու տարածումը այսօրվա թուրքական պետության պայմաններում արդեն իսկ մեծ ձեռքբերում է, որն իր հետ առաջացրել է ներքին շարժում և թուրք հասարակության շրջանում մտածելու տեղիք է տվել:
Չեթինի հետ հանդիպումից հետո բավականին ուրախացա, որ այսօր Թուրքիայում կան նման թուրքեր:

հ.գ.-Ես այժմ ընթերցում եմ Չեթինի <Մեծ մայրս> գիրքը. խորհուրդ կտայի` դուք էլ ընթերցեք: Գիրքը ընթերցելուց հետո կկիսեմ ձեզ հետ տպավորություններս:
Հայամետ եղե՜ք

Tuesday, November 11, 2008

Բարեգործություն

Խոսում էինք Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացվածության աստիճանի մասին և դասախոսը բերեց մի իրական օրինակ:
Վերջերս ԵՊՀ են այցելել գերմանացի բարեգործներ մի քանի ուսանողնրի վարձը փոխհատուցելու, լսարաններ վերանորոգելու և մի քանի ուսանողների Գերմանիա փոխադրելու համար: Սակայն, արի ու տես, որ ԵՊՀ դասախոսական կազմը, ովքեր դիմավորել էին բարեգործներին, գործել էին ճակատագրական սխալ: Ո՜չ, ո՜չ նրանք հանցանք չեն գործել, չեն անարգել, այլ օտարերկրացիներին բերել էին իրավաբանական ֆակուլտետի նախկին ավտոկանգառի ճանապարհով/այժմ կառուցվում է մայրուղի/: Բնականաբար, եվրոպացի մեծահարուստները զարմացել էին. ընդհուպ մտածել էին, թե մոտակայքում կառավարության նիստ է գումարվում: Սակայն նրանց բացադրել են, որ այս ավտոմեքենաները նման աչք զարնող պետհամարանիշներով պատկանում են ուսանողներին: Նրանք անմիջապես հասկացրել էին, որ թեկուզ իրենք նման ավտոմեքենաներ չեն վարում և երևի ՀՀ-ն այնքան զարգացած է ու հարուստ է, որ բարեգործություն անելը կարող է վիրավորական թվալ:

հ.գ.- ուսանողությունը ողջ աշխարհում համարվում է ամենախոցելի խավը
հ.գ.- Եվրոպայում անկախ մասնագիտությունից և ֆինանսական վիճակից օգտագործում են քիչ ծախսատար, փոքր և պրակտիկ մեքենաներ:
Ուրախ ապրե՜ք

Sunday, November 9, 2008

Ի զարմանս ինձ… 2

Հաջորդ միջադեպը, բարեբախտաբար, ինձ հետ չի պատահել, այլ` իմ իրանահայ համակուրսեցու: Սփյուռքահայերի հայոց լեզվի խումբը տարբերվում է ՀՀ-ում դպրոց ավարտածների խմբերից, մեզ բոլորիս հայտնի պատճառներով/ուղղագրություն, հայոց լեզվին ավելի ցածր մակարդակով տիրապետելուն…/: Ընկերուհիս, որը մասնակցում է այդ խմբին, միակն է, որ հայոց լեզվին տիրապետում է մեսրոպյան ուղղագրությամբ/մյուսները ջավախքահայեր են/ և բնականաբար ունի նաև ուղղագրության խնդիր: Մի խոսքով, նա դասախոսին ասում է , որ ինքը գրում է մեսրոպյան ուղղագրությամբ և ի պատասխան դրա մայրենի լեզվի <վաստակաշատ> դասախոսը հայտարարում է`հայոց լեզուն ամենուրեք նույնն է, չկա հայոց լեզվի մեկ այլ տարբերակ:
Անզորությունից միայն ծիծաղեցի…
Իրազեկ եղե՜ք

Saturday, November 8, 2008

Ի զարմանս ինձ… 1

Այն, որ այսօրվա ՀՀ-ում բնակվող հայ քաղաքացիները այնքան էլ ծանոթ չեն Հայ առաքելական եկեղեցու և ազգային-կրոնական տոներին, դա պարզ էր: Բայց ես երբեք ինձ թույլ չէի տա անգամ պատկերացնել, թե դասխոսը, մանկավարժն ու սերունդ կրթողը և վերջիվերջո հայը տեղյակ չէ այնպիսի սիրված ու գեղեցիկ տոնից, ինչպիսին` Բարեկենդանն է: Երևի պատճառը սփյուռքում ծնված և դաստիարակված լինելս է, ինչևիցե…
Անգլերենի դաս էր, թեման`Halloween: Մեր դասը պատահմամաբ զուգադիպել էր Halloween-ի օրվան`հոկտեմբերի 31-ին: Ծանոթացանք և տեղեկացանք, թե որտեղից է ծագում այս տոնը և ինչ խորհուրդ ունի իր մեջ: Խորհուրդը, կարճ ասած, չար ոգիներին ու սատանաներին տնից ու իրենցից վանելն է, որին էլ նպաստում է սարսափազդու հագուստներ հագնելը, խրտվիլակներ պատրաստելը և դատարկված դդումին աչք ու բերան շնորհելն ու մեջը մոմ վառելով`պատուհանի մոտ դնելը: Իմանալով այս ամենը` սկսվեց մեր քննարկումը և դասախոսը տվեց իր <տպավորիչ> ու սենսացիոն հարցը`տեղյակ եք, արդյո՞ք հայերն էլ ունեն նման տոներ: Ես զարմացա, բայց անմիջապես մտածեցի, թե դասախոսի նպատակը ոչ թե լսարանի գիտելիքի ստուգումն էր կամ էլ իր չիմացած հարցի պատասխանը գտնելը, այլ մեզ ստիպելը անգլերենով խոսել Բարեկենդանի և նրա ընդհանրությունների ու տարբերությունների մասին Halloween-ի հետ համաեմատած: Ես սկսեցի խոսել Բարեկենդանի մասին` վստահ լինելով, որ ինձ կշարունակեն: Բայց Բարեկենդան բառն ասելն ու լսարանի վերաբերմունքը տեսնելուց հետո ինձ թվաց, թե ես կամ ամերիկա եմ հայտնաբերել կամ էլ գտնվում եմ այլազգիների շրջապատում: Դասախոսս ամենայն լրջությամբ, միևնույն ժամանակ, մեծ հետաքրքրությամբ խնդրեց ինձ ավելի մանրամասն պատմել: Զարմանքս և զայրույթս թույլ չէին տալիս ինձ խոսել: Ի վերջո, զսպելով ինձ, հարցրեցի, թե իրո՞ք ոչ ոք չգիտի ինչ է բարեկենդանը.լսարանում տիրեց լռություն:
Շարունակելի

Tuesday, October 28, 2008

Տպավորիչ հանդիպում 2

Ամենահատկանշականն ու հաճելին մեզ համար այն էր, որ մեծարգո դեսպանը Ուկրաինայում բանասիրություն սովորելուն զուգընթաց սովորել է նաև ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետում`ուսումնասիրելով հայոց լեզու: Ապա սովորել մեր ֆակուլտետում`Միջազգային հարաբերություններում*, և եղել մեր դեկանի համակուրսեցին: Հիանալի տիրապետում է հայոց լեզվին, տասնյակից ավել թարգմանությունների հեղինակ է, ուկրաիներեն է թարգմանել <Սասնա ծռեր> դյուցազնավեպը:
Դեսպանը խոսեց հայ և ուկրաինացի ժողովուրդների ընդհանրությունների մասին: Նրան մտահոգողը` հայերի և ուկրաինացիների միմյանց ինչպես հարկն է չճանաչելն է:
Մեծ տպավորություն գործեց դեսպանի հայասեր և անմիջական լինելը: Երևի դրան նպաստել է Մայր ԲՈՒՀ-ում սովորելն ու երկար տարիներ հայերի հետ շփվելը: Պատմում էր նաև իր ուսանողական կյանքից, որն անց է կացրել մեր երկրում:
Հանդիպումը բավականին օգտակար էր և եթե, կարելի է ասել, ճանաչողական:
Այն մեզ ճանաչեցրեց Ուկրաինայի դժվարություններին, ուկրաինացի ազգի մտահոգություններին և հայերի հետ ընդհանրություններ ունենալուն: Հանդիպումից մեծ բավականություն ստացած սպասում ենք հաջորդիվին…

Հ.գ.Կուզեի նշել, ոչ նմանատիպ հանդիպումներին կարող են մասնակցել միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողները: Սակայն, ցավոք սրտի, մեր մեջ ևս կան մարդիկ, որոնք հանդիպումը զուտ դիտում են որպես դասից փախչելու հարմար առիթ և դեսպանի հետ զուգընթաց կողքինի հետ կիսում են իրենց անձնական կյանքն ու կարծես յուրովի մրցում դեսպանի հետ`ապացուցելով, որ իրենց ձայնը ավելի հնչեղ է և բարձր: Քաղաքավարության պարզագույն տարր է նման բարձրաստիճան պաշտոնյաի խոսակցության ժամանակ ոչ միայն լռել, այլև չլքել դահլիճը:

*Միջազգային հարաբերություններ- international relation